Ապրիլի 6-ին Վատիկանում տեղի է ունենալու Գրիգոր Նարեկացու արձանի բացումը: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցն արձանի հեղինակ քանդակագործ Դավիթ Երևանցու (Դավիթ Բաբայան) հետ:
- Պարո՛ն Բաբայան, երբ արդեն հայտնի էր, որ Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանում տեղադրվելիք արձանի հեղինակը Դուք եք լինելու, ինչպե՞ս պատկերացրիք այն, ի՞նչպիսին պետք է լիներ կերպարը:
- Ամեն մարդ, ով կարդում է Նարեկացի, պետք է ունենա իր սեփական երևակայության և իր հավատքի աշխարհը: Եվ եթե մարդու գաղափարն ունակ է ընդունելու Նարեկացու տողերը, ապա նա պետք է ունենա երևակայության առանձին աշխարհ, որպեսզի կարողանա դրսևորել Նարեկացու հանճարը՝ կերպարի և կոմպոզիցիոն ստեղծագործության առումով:
- Որպես արձանի հեղինակի՝ ըստ ձեզ ինչո՞վ է աչքի ընկնում արձանը:
- Դրա գնահատականն ավելի ճիշտ կտա դիտողը, ոչ թե ես: Կարող եմ ասել միայն, որ այն երևույթ-քանդակ է հավատքի և օժտվածության սահմաններում, որը տեսնելուց հետո միայն դուք կընդունեք այն կամ ոչ: Չէի ցանկանա իմ մտքերը կապել Ձեր տրամաբանությանն ու ընկալումներին: Յուրաքանչյուր լուրջ քանդակագործ, ով ստանում է մտածող և իր մեջ տիեզերական անհատականություն կրողի կերպար, ինչպիսին Նարեկացին է, դա անում է իրեն տրված օժտվածությամբ: Խոսքն ինքնատիպություն արտահայտելու օժտվածության մասին է: Քանդակը խաչով կերպար չէ: Քանդակում խաչ չկա, կա մարդու ու Արարչի էությունը, Աստծո գովքը, բայց ես չեմ կարող Ձեզ պարտադրել ընդունել այն:
- Ինչպե՞ս կգնահատեք Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման կարևորությունը:
- Ինչպես գիտեք, ես նախապես քանդակել էի արձանի փոքր՝ 50 սանտիմետրանոց տարբերակը, որը Նախագահը ներկայացրել էր Հռոմի Պապին, և վերջինս տվել էր իր հավանությունը: Հռոմի Պապն անձամբ է որոշել արձանի տեղը Վատիկանի այգում: Իհարկե, արձանի տեղադրվելը Վատիկանում կարևոր է, և ոչ միայն այնտեղ: «Նարեկը»՝ իբրև դասագիրք, պետք է ունենա ամեն մարդ իր բարձի տակ, և ամեն օր, անկախ նրանից լավ օր է, թե վատ, արևոտ է, թե ամպամած, նա պետք է կարդա այդ գիրքը, քանի որ դա գիտություն է, իմաստություն, հավատք, որը կրթում է ժողովրդին:
- Ասում են՝ յուրաքանչյուր քանդակ հեղինակի համար երեխայի պես է: Դուք բազմաթիվ արձանների հեղինակ եք, արդյո՞ք դժվար եք բաժանվում քանդակից, երբ այն պատրաստ է լինում:
- Իմ բոլոր ստեղծագործությունները, որոնք ներկայացված են Փարիզում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլուր, իմ երեխաներն են: Ես չեմ բաժանվում դրանցից, ես կիսում եմ այն իմ ժողովրդի հետ, քանի որ ժողովուրդն է տվել ինձ իմ օժտվածությունը: Ես տալիս եմ քանդակը ժողովրդին՝ փորձելով կրթել քանդակագործության միջոցով: Իմ քանդակների միջոցով հայերն ու այլ ժողովուրդները զգում են հավատքը, իմ հայոց հավատքը, որը օգնում է մեզ գոյատևել և դաստիարակել մեր սերունդներին: