Մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում կազմակերպվում են մշակութային տարբեր միջոցառումներ:
Առանձին դասաժամերի և ցերեկույթների ընթացքում ուսուցիչները կրթօջախների սաներին ծանոթացնում են Ֆրանսիայի ու ֆրանկոֆոն երկրների մշակութային հայտնի գործիչների, նրանց ստեղծագործական ուղու և համաշխարհային մշակութային ժառանգության վրա նրանց թողած ազդեցության հետ: Միջոցառումների շրջանակում երաժշտական և արվեստի դպրոցներում կազմակերպվում են նաև համերգային ծրագրեր՝ ներկայացնելով ֆրանսիական դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները:
Ֆրանսիական մշակույթով ոգեշնչված՝ կրթօջախների կերպարվեստի խմբակների սաներն էլ ներկայացնում են իրենց վրձնի աշխատանքները, որոնց հիմնական թեման Փարիզն է և ֆրանսիական ճարտարապետությունը:
Մայրաքաղաքի կրթամշակութային օջախների ուսուցչական անձնակազմերը, խոսելով ֆրանկոֆոնիայի երկամսյակի մասին, նշել են, որ յուրահատոււկ պատասխանատվությամբ են մոտեցել միջոցառումներին և արել առավելագույնը, որպեսզի երեխաներն ու նաև նրանց ընտանիքների անդամները ֆրանկոֆոնիայի երկամսյակի շնորհիվ ավելի մոտիկից ծանոթանան ֆրանսիական մշակույթին:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: