Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթով հանդես է եկել երկրի կրթության նախարարությունում, որտեղ կրթական թեմայի շրջանակներում անդրադարձել է նաև հարևան Հունաստանին, փոխանցում է Ermenihaber-ը:
Յըլդըրըմը շեշտել է, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ հաճախելու ցուցանիշով Թուրքիան երկրորդ տեղում է, իսկ Հունաստանը՝ առաջին: Ապա հեգնանքով շարունակել է. «Հունաստանին մի հաշվեք։ Մեր նահանգներից մեկի չափ երկիր է ընդամենը: Ստամբուլից նույնիսկ մի քիչ փոքր: Բայց դե հարևան են մեզ: Եթե իրենց հանգիստ պահեն, ոչ մի բան չենք ասի»։
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները լարվել էին Էգեյան ծովում վիճելի հանդիսացող Իմիա (թուրք. Քարդաք) կղզու պատճառով։ Բացի այդ էլ 2 հույն զինվորականներ ձերբակալվել էին Թուրքիայում, ովքեր պատահմամբ հատել էին Թուրքիայի սահմանը։ Նրանք Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից մեղադրվում են լրտեսության մեջ։