ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Մոսկվայի խնդրանքով կայացած նիստում Ռուսաստանը Մեծ Բրիտանիային մեղադրել է Սկրիպալի գործի հորինման մեջ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Բրիտանիայի իշխանություններին նախազգուշացրել է, որ նրանք կրակի հետ են խաղում՝ Մոսկվային մեղադրելով Սերգեյ և Յուլյա Սկրիպալների դեմ մահափորձի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նեբենզյան գանգատվել է, որ Ռուսաստանի հյուպատոսին թույլ չեն տալիս տեսակցել Յուլյա Սկրիպալի հետ, որը Ռուսաստանի քաղաքացի է: Նա նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է Մոսկվայի հետ համագործակցելուց, որ Լոնդոնը թույլ չի տալիս հետաքննությանը մասնակցել ռուսաստանցի քննիչներին և հրաժարվում Է նոր տեղեկատվություն հայտնելուց:
Նեբենզյայի խոսքով՝ Ռուսաստանին մեղադրել են հանցագործության մեջ՝ չներկայացնելով ծանրակշիռ ապացույցներ: Նա մի քանի անգամ կրկնել է, որ Մոսկվան ոչ մի առնչություն չունի Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման հետ:
Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Քարեն Փիրսը հայտարարել է, որ իր երկրի գործողությունները համապատասխանում են բոլոր միջազգային նորմաներին, և որ հետաքննությանն իր փորձագետներին մասնակցել թույլ տալու ռուսական կողմի պահանջները հիշեցնում են հրդեհի հետաքննությանը մասնակցելու հրձիգի պահանջները:
Սկրիպալին և նրա դստերը Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում գտել են մարտի 4-ին: Լոնդոնը մահափորձի պատասխանատվությունը բարդել է Մոսկվայի վրա: Ռուսաստանը ժխտում Է բոլոր մեղադրանքները: