Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման և Նարեկացու ունեցած դերի ու նշանակության վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ, Իտալիայի Հայոց հոգևոր հովիվ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ:
- Աստվա՛ծ օգնական, Հա՛յր Սուրբ: Ինչպե՞ս կգնահատեք Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման կարևորությունը:
- Աստված Ձեզ պահապան և շնորհակալություն: Հայ Եկեղեցու Սրբազան ավանդությունն ու հայ ժողովրդի մեկ հազարամյա սերունդների ջերմեռանդությունը Սուրբ Գրիգոր Նարեկացու անձի ու գործի հանդեպ լավագույն գնահատականներն են: Նրա արդեն համաշխարհային մակարդակով գործի, թողած ժառանգության և անձի գնահատման շղթայի գեղեցիկ օղակներից մեկն էլ կաթոլիկ եկեղեցու հոգևոր կենտրոնում՝ Վատիկանի պարտեզներում տեղադրված սրբի արձանի բացումն էր: Կարծում եմ՝ սա հպարտության ևս մեկ առիթ է մեր ժողովրդի համար՝ տեսնել հերթական անգամ արժևորված և մեծարված մեր սրբի ավանդը ոչ միայն հայ, այլև քրիստոնեական այլ հարանվանությունների (խմբ.՝ քրիստոնեական եկեղեցու տարբեր դավանություններից յուրաքանչյուրը) շրջանականերից ներս:
- Ըստ Ձեզ՝ Նարեկացուն Տիեզերական վարդապետի կոչում շնորհելն ավելի ճանաչելի՞ է դարձել նրան քրիստոնեական աշխարհում:
- Քրիստոնյա աշխարհում Նարեկացին իր ուրույն տեղն ունի իր գործերի, հատկապես «Մատյան ողբերգության» գլուխգործոց աղոթքի թարգմանությունների շնորհիվ: Կուզեի ընթերցողներին փոխանցել այն ջերմ զգացումները, որ այս օրերին, իբրև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամ լսեցի Կաթոլիկ եկեղեցու հոգևորականներից. «մենք կարիքն ունենք այս մեծ օրհնության»: Մեր Եկեղեցու համար Նարեկացին մշտապես եղել է մեծագույն վարդապետերից մեկը: Ուրախ եմ, որ նաև Կաթոլիկ եկեղեցին, լինելով հնագույն ավանդությունները կրող եկեղեցիներից մեկը, ճանաչեց Նարեկացու Մատյանից ճառագող անսպառ լույսը: