Հայոց ցեղասպանությունը կարող էր կանխվել, եթե թուրքական իշխանությունները չառգրավեին Օսմանյան կայսրության հայ բնակչության մոտ եղած զենքը: Այս մասին երկրում զենքի վաճառքի վերահսկողությանն անդրադառնալիս հայտարարել է ԱՄՆ կոնգրեսի ընտրություններում Նևադա նահանգից Հանրապետական կուսակցության թեկնածու հայազգի Դենի Թարխանյանը, փոխանցում է PanArmenian-ը՝ հղում կատարելով The Huffington Post-ին:
Քննարկմանը մասնակցող պահպանողական ամերիկացի գործիչ Ուեյն Էլին Ռութն ասել է, որ առաջին բանը, ինչն արել է Ադոլֆ Հիտլերը հրեաներին համակենտրոնացման ճամբարներում սպանելուց առաջ, նրանց նկատմամբ զենք կրելու արգելքը կիրառելն է եղել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակից Թարխանյանն իր հերթին ասել է, որ հայերը նույնպես կոտորվել են, քանի որ ինքնապաշտպանության համար զենք չեն ունեցել:
«Ես հայ եմ, և Օսմանյան կայսրությունը վերցրեց հայերի ձեռքից զենքը: Նրանք (թուրքերը-խմբ.) եկան ու սպանեցին 1,5-2 մլն հայի, քանի որ վերջիններս ինքնապաշտպանվելու տարբերակ չունեին», - ասել է Թարխանյանը: