Նիգերիայի բանակը հաղորդել է, որ «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման դեմ իրականացված գործողությունների ադյունքում 149 պատանդ է ազատվել, հայտնում է «Արմենպրես»-ը: Բանակն ազատել է 54 կանանց և 95 երեխաների, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Գործողության ընթացքում բանակը ոչնչացրել է երեք զինյալների, ևս հինգին գերի են վերցրել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինյալների գերությունից ազատված 105 նիգերիացի դպրոցական աղջիկներ վերադարձել են իրենց ընտանիքներ: Փետրվարին հայտնի էր դարձել, որ խմբավորման զինյալները դպրոցի հարյուրից ավելի աշակերտուհիների էին առևանգել Նիգերիայի Յոբեի նահանգում: