Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 երկու ինքնաթիռներ ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել սիրիական T-4 օդանավակայանին, հայտնում է «Արմենպրես»-ը, շարունակելով, որ ըստ ՌԴ ՊՆ հաղորդման ռուս զինվորական խորհրդականների թվում տուժածներ չկան:
«Ապրիլի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 04:25-ից մինչեւ 04:53-ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի ՌՕՈւ-ի F-15 երկու ինքնաթիռներ, չմտնելով Սիրիայի օդային տարածություն, Լիբանանի տարածքից ութ կառավարվող հրթիռներով հարված են հասցրել T-4 օդանավակայանին:
Սիրիայի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները օդային մարտի ընթացքում ոչնչացրել են հինգ կառավարվող հրթիռ»,-նշել են գերատեսչությունում: Այնտեղ ճշտել են, որ «երեք հրթիռ հասել Է օդանավակայանի արեւմտյան մաս: Սիրիայում ռուս խորհրդականների թվում տուժածներ չկան»: Ավելի վաղ SANA գործակալությունը, վկայակոչելով ռազմական աղբյուր, հայտնել Էր, որ ապրիլի 9-ին զանգվածային հրթիռահարված Է հասցվել Սիրիայի Հոմսի նահանգում գտնվող T-4 ռազմական օդանավակայանին:
Գործակալության տեղեկությունների համաձայն, զինծառայողների մեջ կան սպանվածներ ու վիրավորներ: