Ռուսաստանցիները հնարավորություն կունենան մեսենջերներով դրամական փոխանցումներ կատարել

16:30     9 ապրիլի, 2018

Ռուսաստանի քաղաքացիներն արդեն մյուս տարվանից կկարողանան միմյանց գումար փոխանցել մեսենջերների միջոցով: Այդ մասին հայտնում է Banks.am-ը՝ հղվելով «Իզվեստիա» գործակալությանը։

Նոր համակարգը ստեղծվել է ՌԴ Կենտրոնական բանկի  և ՖինՏեխ Ասոցիացիայի կողմից: Հաղորդվում է, որ փոխանցումը բջջային հեռախոսով կկատարվի հեռախոսահամարի կամ էլ.փոստի, ինչպես նաև սոցցանցում օգտահաշվի միջոցով։

Մշակվող համակարգի շնորհիվ փոխանցումները կկատարվեն Тelegram-ի, WhatsApp-ի, Viber-ի և Facebook Messenger-ի միջոցով:

 Մեսենջերներում կհայտնվի գումարի վճարման/փոխանցման կոճակը։ Վերջինիս վրա սեղմելիս կբացվի հատուկ պատուհան, որտեղ անհրաժեշտ կլինի մուտքագրել հեռախոսահամարը, ստացողի հաշիվը և ստացող բանկը։ Ինտերֆեյսն ավելի կոնկրետ կորոշեն մեսենջերները, իսկ վճարումը կիրականացվի ինտերնետի միջոցով։

«Այսպիսով, մեսենջերներով վճարման մեխանիզմը կնմանվի Սբերբանկի քարտերի վրա հեռախոսահամարով փոխանցմանը, որտեղ վճարումն իրականացվում է բջջային օպերատորի միջոցով։ Սբերբանկն ունի նաև Սբերբանկ-մեսենջեր, որը «կարված է» Սբերբանկ-օնլայնում. մեսենջերը գումարը փոխանցում է ցանցի միջոցով, բայց այն գործարկելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինտերնետ-բանկ»։  

 


© armedia.am