Ամերիկյան CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման նոր եթերաշրջանում կցուցադրվի Հայաստանի և Արցախի մասին Էնթոնի Բուրդենի նկարահանած ռեպորտաժը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Ապրիլի 22-ից մեկնարկող հաղորդաշարի նոր` 11-րդ եթերաշրջանի ընթացքում կցուցադրվի 8 էպիզոդ, որոնց շրջանակում հեղինակն այցելել է Արևմտյան Վիրջինիա (ԱՄՆ), Նյուֆաունդլենդ (Կանադա), Ուրուգվայ, Բութան, Բեռլին (Գերմանիա), Ակադիանա շրջան (ԱՄՆ, Լուիզիանա նահանգ) և Հոնկոնգ:
Հայաստանի մասին պատմող էպիզոդը կցուցադրվի մայիսի 20-ին: Հաղորդման մեջ հեղինակը լայնորեն ներկայացնում է երկրի մշակույթն ու պատմությունը: Նրան ուղեկցում են հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և պատմաբան Ռիչարդ Կիրակոսյանը: Ճաշելով տեղացիների հետ՝ Բուրդենը բացահայտում է տեղի և սփյուռքում բնակվող հայերի վերապրումի պատմությունն ու գրանցած հաջողությունները: