Կիպրոսում փոքրամասնությունների լեզուների պահպանման ոլորտում առաջընթաց է գրանցվել։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի շրջանակներում փորձագետների կոմիտեի հրապարակած զեկույցում։ Սակայն, միևնույն ժամանակ, նշվում է, որ հայերենի ու մարոնիտ արաբերենի ուսուցումն ու հեռարձակումները պետք է առավել ուժեղացվեն:
Զեկույցում նշվում է, որ չնայած բյուջետային սահմանափակումներին՝ բարելավվել է հայերեն ու կիպրական մարոնիտ արաբերենի կանոնադրության դրույթների իրականացումը:
Կիպրոսի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել հայ և մարոնիտ փոքրամասնությունների մասին իրազեկության բարձրացման համար՝ այդ թվում մշակութային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու միջոցով: Այս երկու փոքրամասնություններն էլ ներկայացված են Կիպրոսի խորհրդարանում:
Նշվում է, որ հայերենն ուսուցանվում է նախադպրոցական ու ցածր դասարաններում: Ամեն օր հեռարձակվում է հայերեն ռադիոհաղորդում: Սակայն հայերեն չի ուսուցանվում բարձր դասարաններում ու Կիպրոսի հեռուստատեսությամբ չկան հայերենով ծրագրեր:
ԵԽ փորձագետները Կիպրոսի իշխանություններին կոչ են անում առավել զարգացնել հայ և կիպրական մարոնիտ արաբերենի պաշտպանությունը՝ իրականացնելով ուսուցիչների վերապատրաստումներ ու հեռարձակման մեջ ապահովելով լեզուների պատշաճ ներկայացվածություն: