Այսօր ՀՀ Ազգային ժողովի կողմից միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության վերաբերյալ համաձայնագիրը՝ նոր փուլ բացելով ՀՀ-ԵՄ հարաբերություններում:
Ճիշտ է, համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի ԵՄ անդամ բոլոր երկրների և Եվրախորհրդարանի կողմից (այս պահի դրությամբ գործընթացն առաջընթաց է գրանցում մերձբալթյան երկրներում), սակայն Հայաստանի կողմից վավերացումը մեկնարկ կտա նաև համաձայնագրի կիրարկմանը: Համաձայնագրի դրույթների գերակշիռ մասը ժամանակավոր կարգավիճակով ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:
Եթե անդրադառնանք Հայաստանի կողմից համաձայնագրի վավերացման նշանակությանը, ապա կարելի է առանձնացնել երկու բաղադրիչ՝ քաղաքական և կիրառական:
Քաղաքական առումով ՀՀ կողմից համաձայնագրի նման արագ և, որ շատ կարևոր է, միաձայն վավերացումը քաղաքական կամքի դրսևորում էր: Սրանով Հայաստանը վճռականություն ցուցաբերեց՝ հնարավորինս արագ կյանքի կոչելու համաձայնագիրը և առաջ մղելու դրանով նախատեսված բարեփոխումները: Բացի այդ, պաշտոնական Երևանը ցույց տվեց, որ ԵՄ հետ համաձայնագրի կնքումը ոչ թե զուտ ցուցադրական քայլ էր՝ ապացուցող հավատարմությունը եվրոպական ինտեգրման ուղղությանը, այլև հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու իրական կամքի դրսևորում:
Կիրառական առումով համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա Հայաստանին ուժի մեջ մտցնել համաձայնագրի մեծ մասը՝ գրեթե 80 տոկոսը: Նախատեսվում է, որ նախքան համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը տեղի կունենա համաձայնագրի մասնակի իրագործում՝ վերաբերող այն դրույթներին, որոնք առնչվում են ոչ թե ԵՄ անդամ առանձին երկրների, այլ հենց Եվրամիության իրավասություններին: Դա, իր հերթին, հնարավորություն կտա մի շարք ոլորտներում մեկնարկել ԵՄ աջակցությամբ նախատեսվող բարեփոխումները:
Այսպիսով, Հայաստանը ոչ միայն բավարար քաղաքական կամք ցուցաբերեց, ԵԱՏՄ անդամ հանդիսանալով, Եվրամիության հետ իրավական նոր համաձայնագիր բանակցելու և ստորագրելու հարցում, այլև քաղաքական մեծ կամք և նախաձեռնողականություն է ցուցաբերում այդ համաձայնագրի կյանքի կոչման հարցում: Եթե համաձայնագրի ստորագրումը կարևոր էր, առաջին հերթին, ցույց տալու համար, որ եվրոպական և եվրասիական ինտեգրման գործընթացների համադրումը հնարավոր է՝ առանց բախումներ առաջացնելու, ապա համաձայնագրի կյանքի կոչումը կարևոր է հենց ՀՀ քաղաքացիների կյանքի որակը բարելավելու, բարեփոխումներն առաջ մղելու համար: