Այն երկրներում, որտեղ թուրքերն ակտիվ կերպով ներգրավված են հասարակական և քաղաքական կյանքում, թուրքական համայնքի ազդեցիկությունն ուժեղացնելու ավելի մեծ հնարավորություններ կան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ` կոչ անելով ավելի ակտիվ գործունեություն ծավալել եվրոպական երկրների քաղաքական կյանքում:
Որպես օրինակ Էրդողանը նշել է Գերմանիան, որտեղ բնակվում է մեծ թուրքական համայնք։
«Այստեղից դիմում եմ Եվրոպայում ապրող իմ քաղաքացիներին։ Այն երկրներում, որտեղ ապրում եք, օտար չեք, դուք առաջին կարգի իրավունքների տեր եք դառնալու։ Դուք գտնվում եք ձեր նոր հայրենիքում։ Այդտեղի քաղաքական դաշտը մի թողեք PKK-ականներին»,- նշել է Էրդողանն՝ ընդծելով, որ իրենք պետք է օգտագործեն Եվրոպայում թուրքական գործոնը, հայտնում է Ermenihaber-ը:
«Այդ ուժը պետք է ազդեցիկ լինի այնտեղի քաղաքական դաշտում։ Ազդեցիկ լինենք, որպեսզի մեր իրավունքներն ավելի լավ պաշտպանենք»,- հավելել է Թուրքիայի նախագահը։
Վերջինս նաև դատապարտել է մի քանի օր առաջ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մի խումբ մարդկանց կողմից կազմակերպված բողոքի ակցիան, որի ժամանակ քննադատության էր ենթարկվել Թուրքիայի զինուժի ռազմական գործողություններն Աֆրինում: