Ադրբեջանի նախագահական ընտրություններում ինչպես և կանխատեսվում էր, ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի ԿԸՀ կողմից 3 մլն 959 հազար 553 քվեաթերթիկներից հաշվվել է 3 մլն 723 հազար 278-ը, որի արդյունքում Ալիևը հավաքել է ձայների 86 տոկոսը: Նրան հաջորդող թեկնածուն՝ ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է ընդամենը 3.11 տոկոս ձայն:
Համաձայն ԿԸՀ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 74.51 տոկոսը:
Հատկանշական է, որ ընտրությունների ժամանակ ստացվել են շատ հաղորդումներ կոպտագույն ընտրախախտումների վերաբերյալ: Մասնավորապես գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, լրագրողների աշխատանքի խոչընդոտման, կրկնաքվեարկությունների դեպքեր: Ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ Ալիևին արդեն իսկ շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: