Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը չորրորդ անգամ անընդմեջ կզբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը:
Ըստ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական տվյալների՝ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 74.51%-ը, որի 86%-ն իր ձայնը տվել է Ալիևին:
Ընտրություններից հետո վերարտադրված նախագահին հասցրել են շնորհավորել Ռուսաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի, Բելառուսի, Ուկրաինայի ղեկավարները:
Սակայն Ադրբեջանում նախագահի ընտրությունների շուրջ ամեն ինչ միանշանակ չէ: Ադրբեջանական ընդդիմադիր ուժերն արդեն բարձրաձայնել են ընտրախախտումների՝ քվեաթերթիկների լցոնումների, ֆիզիկական ուժի կիրառմամբ լրագրողների և տեղական ու միջազգային դիտորդների աշխատանքի խոչընդոտման, կրկնաքվեարկությունների դեպքերի մասին և չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Ընդդիմադիր ուժերի կարծիքով` ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը, խախտում են Ադրբեջանի միջազգային պարտավորությունները, հակասում երկրի սահմանադրությանը:
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը բոյկոտել էր նախագահական ընտրությունները, ապրիլի 14-ին հանրահավաք կանցկացնի՝ որպես ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիա:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները բոյկոտել էին նաև ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը և Ազգային ճակատը:
Սակայն ադրբեջանական ընդդիմությունը չէ միայն, որ դժգոհություն է հայտնում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Համաշխարհային ճանաչում ունեցող ''Foreign Policy'' ամսագիրը ադրբեջական ընտրություններից առաջ խոսել էր Ալիևի անխոչընդոտ վերարտադրության, երկրում ավտորիտար ռեժիմի ամրապնդման և մարդու իրավունքների խախտման մասին: Ըստ ամսագրի՝ Ադրբեջանում ընտրությունների արդյունքները վաղուց կանխորոշված էին, իսկ ընտրություններն այնքան ակնհայտ կեղծիք են, որ առաջատար ընդդիմադիր ուժերը պարզապես բոյկոտել են այն և կազմակերպել են զանգվածային բողոքի ակցիա, քանի որ ընդդիմությունն այդ երկրում ճնշված է, իսկ ընտրությունները՝ «քաղաքական ֆարս»:
''Foreign Policy''-ն Ադրբեջանի իշխանություններն անվանել է տարածաշրջանի ամենակոռումպացված և ավտորիտար ռեժիմը: Ի տարբերություն այլ երկրների՝ Ադրբեջանին հաջողվել է այսքան ժամանակ խուսափել ցանկացած պատժամիջոցից, որին Ադրբեջանն արժանի է մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների դեմ իրականացրած ոտնձգությունների պատճառով, գրում է ամսագիրը: Պատճառն, իհարկե, Բաքվի էներգառեսուրսներն են, որոնց շնորհիվ այդ երկրի գործողություններն անպատիժ են մնում:
Ամսագիրն անդրադարձել է նաև ալիևյան այն հայտարարությանը, ըստ որի՝ «Երևանը ադրբեջանական տարածք է», ինչպես նաև վերջինիս առավելապաշտական և սպառնալիք պարունակող այլ հայտարարություններին՝ ուղղված Հայաստանի և Արցախի դեմ՝ որակելով դրանք որպես «միջոց՝ համախմբելու սեփական ժողովրդին»:
''The Washington Post''-ն իր հերթին անդրադարձել է Ալիևի կողմից հայտնի փոփ աստղերի «ներգրավմանը» իր քաղաքական ծրագրերում: Այսպես, Ադրբեջանի նախագահը ապրիլի 28-ին երկրում կայանալիք «Ֆորմուլա 1»-ին հրավիրել է համաշխարհային աստղերի՝ շեղելու համար մարդկանց ուշադրությունը և խուսափելու ընտրություններով պայմանավորված՝ դժգոհության ալիքից: Ըստ թերթի՝ Ալիևին հաջողվում է խեղդել երկրում ժողովրդավարությունը՝ ներդնելով հսկայական ֆինանսական միջոցներ: Թերթը նշել է, որ այդ միջոցներն Ալիևը կիրառում է ոչ միայն երկրի ներսում, այլև Եվրոպայում՝ հիշեցնելով «Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած սկանդալային բացահայտումների մասին:
Նշենք, որ այս ընտրություններն առաջինն էին Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններից հետո, որոնց համաձայն նախագահի կառավարման ժամկետը 5-ից դարձել է 7 տարի: