Կառավարությունը հաստատել է միասնական հակակոռուպցիոն էլեկտրոնային ծանուցումների հարթակի ստեղծման տեխնիկական նկարագիրն ու կարգը: Համապատասխան որոշումը կայացվել է կառավարության ապրիլի 12-ի նիստում, հայտնում է News.am-ը։
Այս որոշման ընդունումը թելադրված է «Ծանուցումների համակարգի մասին» ՀՀ օրենքով, որը ենթադրում է կոռուպցիոն հանցագործության մասին հաղորդող անձանց պաշտպանության մեխանիզմի ներդնում` պահպանելով նրանց անանունությունը:
Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, այս համակարգի միջոցով քաղաքացիները կարող են կոռուպցիոն հանցագործության մասին տեղեկացնել՝ պահպանելով անանունությունը: Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդող անձանց պաշտպանության երաշխավոր է հանդես գալիս պետությունն՝ ի դեմս Կառավարության լիազորված մարմնի՝ Արդարադատության նախարարության: Իրազեկողների անանունությունն ապահովվում է նրանց IP հասցեների (Internet Protocol Address) կոդավորման միջոցով: