Ռուսական «Военное обозрение» ռազմական կայքը հրապարակել է Ալեքսանդր Սամսոնովի՝ «Ռուսաստանի պարտության Ղրիմյան սցենարը» վերնագրով հոդվածը, որտեղ ներկայացված է, թե ինչպես է Ռուսաստանը հայտնվել միջազգային մեկուսացման մեջ և Միացյալ Նահանգների և Եվրոպայի հետ առճակատման հնարավոր տարբերակները, հաղորդում է RusArmInfo-ն։
«Մոսկվան կարող է բարձրացնել Կոստանդնուպոլսի նեղուցների կարգավիճակի, Հայաստանի վերականգնման (Թուրքիայի մաս կազմող Արևմտյան Հայաստանի վերադարձը հայերին), քրդական պետության ստեղծման հարցերը: Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը կստիպի կոլեկտիվ Արևմուտքին նահանջել: Այդ կերպ են անցյալում Կուբան փրկել», - գրում է Սամսոնովը:
Հեղինակն անդրադարձել է նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններին՝ նշելով, որ երկու պետությունների միջև անհաղթահարելի տարաձայնություններ գոյություն ունեն։
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա հիմնարար հակասություններն անցյալից են պահպանվել. դրանց թվին են պատկանում սիրիական հարցը, Կոստանդնուպոլսի նեղուցների հարցը, հայկական հարցը, Ղրիմի հարցը և Սևծովյան ավազանի հարցը», - նշում է ռուս լրագրողը: