Կանադայի փոստային ծառայությունը նամականիշ է թողարկելու Եղիսաբեթ II–ի պատկերով։ Այդ լուսանկարի հեղինակն է կանադահայ լուսանկարիչ Յուսուֆ (Հովսեփ) Քարշը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sputnik-Արմենիան, հայտնում է ֆիլատելիստների համար նախատեսված Linn's Stamp News պարբերականը։
Նամականիշի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 20-ին։ Նրա անվանական արժեքն 85 ցենտ է։
«Նոր նամականիշի վրա տպագրվող դիմանկարը պատկերում է թագուհուն 1951 թվականի հուլիսի հայտնի նիստի ժամանակ, երբ նրան դեռ բոլորը Ձերդ Թագավորական Մեծություն արքայադուստր Եղիսաբեթ էին անվանում։ Ավելի քան 40 տարվա ընթացքում Քարշը Ձերդ գերազանցությանը լուսանկարել է հինգ անգամ։ Ընդ որում, նա երկու անգամ լուսանկարել է Եղիսաբեթին նախքան նրա թագուհի դառնալը», – գրված է պարբերականում։