Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետների լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հատարարել է Եթովպիայում հայ համայնքի, ինչպես նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Թամար Գևորգյանը: Նրա խոսքով, վերջին 4 տարվա ընթացքում ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ և արդյունքները շատ շուտով շոշափելի կլինեն:
««Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձը, որը տարիներ շարունակ հազարավոր դպրոցականների է կրթում, կներդրվի Եթովպիայում: Այդ առնչությամբ համապատասխան պայմանավորվածություն կա Եթովպիայի Կրթության նախարարության հետ, արդեն երկու շրջան հետաքրքրված է այս փորձն իրենց դպրոցներում ներդնելու հարցով», - ասել Թամար Գևորգյանը: Նա նշել է, որ Եթովպիան ունի բավական մեծ՝ 100 միլիոնանոց շուկա: Միայն մեկ շրջանում գործում է 16 հազար դպրոց: Դա խոսում է այն մասին, որ հայ մասնագետների լուծումները Եթովպիայում կիրառելու համար մեծ հնարավորություններ կան:
Հայաստանի մասնագետները կաշխատեն Եթովպիայի գործընկերների հետ, կվերապատրաստվեն մեծ թվով ուսուցիչներ, այնուհետև համատեղ գործակցությամբ ծրագիրը կյանքի կկոչվի: Թամար Գևորգյանը նշել է, որ նպատակ ունեն ինժեներական լաբորատորիաների փորձը տարածել ամբողջ երկրում՝ ստեղծելով ցանց:
Ի դեպ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները Հայաստանի մասնագետների լուծումներից առաջինը չեն, որ մուտք են գործում Եթովպիա: Թամար Գևորգյանի խոսքով, արդեն մեկ մասնավոր հայկական կազմակերպություն իր առաջարկներով մուտք է գործել շուկա, ձեռք բերել գործընկերներ ու հաջողությամբ գործում է: