Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացրած՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի շուրջ քննարկումները նախատեսվում է սկսել երկուշաբթի օրը՝ ապրիլի 16-ին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը
Ավելի վաղ AFP գործակալությունը հաղորդել էր, որ արևմտյան եռյակը Անվտանգության խորհրդի անդամ երկրներին է փոխանցել բանաձևի սևագիր տարբերակը, որում դատապարտվում է Սիրիայում քիմիական զենքի կիրառումը, այդ թվում՝ Դամասկոսի արվարձան Դումայում ապրիլի 7-ի դեռևս չհաստատված դեպքը, և նախատեսվում է նման միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում։ Ֆրանսիայի նախապատրաստած նախագիծը Սիրիայի իշխանություններին կոչ է անում համագործակցել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) հետ։
Ինչպես հաղորդում է , փաստաթուղթը նաև առնչվում է Սիրիայի մարդասիրական իրավիճակին՝ պահանջելով հրադադարի հաստատում և օգնություն ցուցաբերելու համար միջազգային կազմակերպություններին բնակչությանը հասանելիության տրամադրում, ինչպես նաև քաղաքական կարգավորում։