Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի մյուս բնակիչների նման դիմագրավել է ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիան: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է», - նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Միակողմանի գործողությունները կամ ագրեսիան միջազգային իրավունքի սկզբունքների խախտում են, որը կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս, ինչը, միևնույն ժամանակ, ինքնիշխան պետության սկզբունքների կոպիտ խախտում է: 7 տարուց ավելի է արդեն մեր ժողովուրդը դիմադրում էր միջազգային ահաբեկչությանը, իսկ հիմա էլ դիմադրում է նման ագրեսիայի: Սիրիայի ժողովուրդն ավելի է ամրապնդում ինքնիշխանության հիմքերը: Այսօր առավոտյան քաղաքի հրապարակները լցված էին քաղաքացիներով, որոնք տոնում էին հաղթանակը ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիայի դեմ, որը չկարողացավ իր նպատակին հասնել», - հավելել է պատգամավորը: