Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
Հայտարարությունում նաև ասվում է
«ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի դեմ:
ՀՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչև հավաքի դադարեցման որոշման ընդունում»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 16-ի առավոտից Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները փակել են Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որն ավարտվել է ապրիլի 13-ին, Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքով, ապա նստացույցով Ֆրանսիայի հրապարակում: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաև պատգամավորների տները և թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա վարչապետի ընտրությունը: ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու կառաջադրի Սերժ Սարգսյանին: