Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ռուսական «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Իրականում մենք արդեն մի քանի օր է՝ ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում: Վաղը պատգամավորները կընտրեն վարչապետ: Այդպիսով, կձևավորվեն երկրի կառավարման բոլոր հիմնական օրգանները: Հայաստանում սահմանադրական փոփոխություններն սկսվեցին 2005 թվականին: 2007 թվականից դրանք օրինական ուժի մեջ մտան:
Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտոններում, այդ թվում և վարչապետի ու նախագահի պաշտոններում, մենք գործընկերներիս հետ եկանք այն եզրակացության, որ կիսանախագահական կառավարման ձևաչափն իր մեջ պարունակում է մեծ սպառնալիքներ, քանի որ հավասարակշռված չէ», - նշել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ստացվել էր այնպես, որ նախագահը մեծ պատասխանատվություն էր կրում երկրի ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում, սակայն չուներ համապատասխան լիազորություններ, որպեսզի կյանքի կոչեր Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները:
«Վերադարձը կառավարման նախագահական համակարգի դրականորեն չէր ընկալվի մեր հասարակությունում: Չէ որ 2008 թվականի նախագահի ընտրություններն անցան ոչ հարթ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը խորհրդարանականի: Պատասխանելով նման ցանկություններին՝ մենք որոշեցինք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այժմ աչքի է ընկնում խորհրդարանի ուժեղ օրենսդրական իշխանությամբ, որի դիմաց կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում: Կարծում եմ, որ կառավարման նման ձևն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը», - ասել է Սարգսյանը: