ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը և ՀՀ Ազգային ժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ապրիլի 16-ին հանդիպել են ՌԴ Մոսկվայի երկրամասի խորհրդարանական պատվիրակության հետ, որը գլխավորում էր խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինան, այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:
Միքայել Մելքումյանը ողջունել է հյուրերի այցը Հայաստան և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունն արդյունավետ կլինի: Նա կարևորել է Մոսկվայի երկրամասի հետ կապերի աշխուժացումը հատկապես առևտրատնտեսական, կրթության, զբոսաշրջության ոլորտներում՝ նշելով, որ կան բոլոր հիմքերը՝ նպաստելու համագործակցության ընդլայնմանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին տեղեկացրել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների մասին, որոնց թվում էին խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները:
Խոսելով ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների մասին, Միքայել Մելքումյանն առաջնային է համարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ընդգծել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ռուսաստանի կողմից հարձակողական զենքի վաճառքին, ինչը բացասաբար է ընդունվում հայ հանրության կողմից:
Մոսկվայի երկրամասի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Լարիսա Լազուտինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել փոխայցերի իրականացումը: Նա, ինչպես նաև պատվիրակության անդամները, հնարավոր են համարել զարգացնել միջմարզային հարաբերությունները առևտրատնտեսական, գյուղատնտեսության, կրթության ոլորտներում:
Զրուցակիցները անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցության հարցին, քննարկել համատեղ գործարար համաժողով անցկացնելու հնարավորությունը: