Հունաստանի ոստիկանությունը՝ համագործակցելով ֆրանսիական ոստիկանության հետ, երկրորդ օրն է Սալոնիկում միջազգային հանցագործ խմբավորման դեմ կազմակերպված գործողություններ է իրականացնում և այսպես կոչված «վրացական մաֆիայից» 14 հոգի է ձերբակալել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է voria.gr տեղական հրատարակությունը:
Ոստիկանության լայնածավալ գործողությունները տեղի են ունենում մի քանի եվրոպական քաղաքներում, Սալոնիկում ձերբակալվել է 14 մարդ:
Խմբավորումը գործում էր ամբողջ Եվրոպայում, այն մասնագիտացել էր կողոպուտների եւ կոտրանքների միջոցով գողությունների մեջ: Սալոնիկի տարբեր շրջաններում գրանցվել են գողությունների ու կողոպուտի տասնյակ դեպքեր: Նախօրյակին Սալոնիկում հրաձգություն է տեղի ունեցել, որը, ԶԼՄ-ների տվյալներով՝ կապված էր ոստիկանական գործողության հետ: Ոստիկանների վրա կրակ էր բացել կասկածյալը, որը նկատել էր, որ իրեն հետեւում են: Համանման գործողություն է իրականցվում նաեւ Ֆրանսիայում: Ոստիկանական աղբյուրների համաձայն՝ ձերբակալվածների թվում է վրացական հանցախմբի պարագլուխը:
Alpha հեռուստաալիքը ձերբակալվածին անվանում է «Եվրոպայի էսկոբար»: Նա մեղադրվում է սպանությունների, թմրանյութերի տարածման, անօրինականորեն զենք պահելու եւ այլ հանցագործությունների մեջ: Նրան որոնում էին Իսպանիան եւ Ֆրանսիան, Հունաստանում նա ձերբակալվել է ֆրանսիական օրդերով: Enikos հանդեսը հայտնել է, որ խոսքը վերաբերում է 57-ամյա L.S-ին, որը «վրաց-ռուսական մաֆիայի պարագլուխն էր Եվրոպայում»: «Ձերբակալվածների թվում կան վրացիներ, հայեր ու ռուսներ»,- նշում է հրատարակությունը: