Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը մտադրության ունի անհրաժեշտության դեպքում առանց այլ երկրների թույլտվության՝ արտադրելու և ստանալու ցանկացած տեսակի զինատեսակ: Այս մասին նա հայտնել է Թեհրանում Բանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ցանկանում ենք տեղեկացնել ամբողջ աշխարհին, որ կարտադրենք կամ կստանանք ցանկացած տեսակի զենք, որը մեզ անհրաժեշտ կլինի: Մենք չենք ակնկալում և չենք սպասում իրենց [օտար պետությունների] հավանությանը», - ասել է նա, հավելելով, որ Իրանը «տարածաշրջանի երկրների նկատմամբ բարիդրացիական քաղաքականություն է վարում և ակնկալում է նույնը նրանց կողմից»:
Իրանի նախագահը նշել է, որ «խնդիրների լուծման միակ ճանապարհը երկխոսությունն է», և Թեհրանը «բանակի զարգացման հետ միաժամանակ կշարունակի հանդես գալ ընդդեմ զինված բախումների»:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքի լարվածությանը, Ռոուհանին ասել է, որ «տարածաշրջանում ապօրինի կերպով տեղակայված զավթողական ուժերը, խախտելով բոլոր միջազգային նորմերը, հարձակվում են պետությունների վրա»: Բացի այդ, նա ասել է, որ մի շարք երկրներ իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են «ահաբեկչական կազմակերպություններին»: