Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է Հայ-ամերիկյան թանգարանի հողատարածքի վարձակալության մասին վերջնական պայմանագիրը 95 տարվա վարձակալության պայմանով՝ տարեկան 1 դոլար վարձով, հայտնում է Asbarez-ը։ Բացի այդ, Խորհուրդը հավանություն է տվել Հայ-ամերիկյան թանգարանի նախագծման առաջին փուլին։
Թանգարանի ստեղծման կողմնակիցները և հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի նախօրեին հավաքվել են Գլենդելի քաղաքապետարանում՝ ականատես դառնալու քաղաքային խորհրդի պատմական քվեարկությանը։ Թանգարանի ներկայացուցիչները ներկայացրել են 59 800 քառակուսի ֆունտ մակերեսով եռահարկ մշակութային և կրթական համալիրի իրենց տեսլականը, որը տեղակայված կլինի Կենտրոնական պուրակի հարավ-արևմտյան հատվածում։ Թանգարանում կկազմակերպվեն ցուցահանդեսներ, կգործի կատարողական արվեստի թատրոն, ցուցադրական խոհանոց, ուսումնական կենտրոն, արխիվ, սրճարան և խանութ։
«Մենք ուրախ ենք, որ Գլենդելի քաղաքային խորհուրդը և Գլենգելի պաշտոնյաները կիսում են համաշխարհային մշակութային և կրթական կենտրոնի ստեղծման մեր տեսլականը, որը մեր համայնքի հպարտությունը կլինի»,-հայտարարել է թանգարանի համանախագահ, արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը։