ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Սաեյմայում Հայաստանի ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի զեկուցող Սերգեյ Պոտապկինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին և Սաեյմայի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ փաստաթղթի վավերացումը նոր էջ կբացի հայ-լատվիական հարաբերություններում, ինչպես նաև կնպաստի Հայաստանի ու Եվրամիության և նրա անդամ երկրների միջև կապերի առավել զարգացմանը: