Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ղեկավար Ինգիբյորգ Սյոլրուն Գիսլադյոտիրը երկրում շարունակվող ցույցերի ֆոնին կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների իրավունքը, ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
Նրա խոսքով՝ բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ ցույցերի միջոցով արտահայտել իրենց կարծիքը, իսկ իրավապահները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքների իրավունքին խոչընդոտելուց, այլև պարտավոր են ապահովել այդ իրավունքի իրացումը:
«Սա ներառում է հավաքի մասնակիցների պաշտպանությունը ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ սադրիչներից և գործակալներից»,-հայտարարել է նա։
Նշելով, որ Հայաստանի իշխանությունները ընդդիմությանը երկխոսության կոչ են արել, Գիսլադյոտիրը մտահոգություն է հայտնել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ «անհամաչափ ուժի» գործադրման, ինչպես նաև Երեւանում և այլ քաղաքներում կալանավորման դեպքերի մասին տեղեկությունների կապակցությամբ:
«Իշխանությունները պետք է հետևեն, որ հասարակական կարգը պահպանելուն ուղղված քայլերը լինեն օրինական, անհրաժեշտ և համարժեք, և ուղղված չլինեն իրենց ընդդիմախոսներին լռեցնելուն»,-ասել է նա: