Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Ֆրանսիայի իշխանություններին է վերադարձրել 2001 թվականին Փարիզ կատարած այցի ժամանակ նախագահ Ժակ Շիրակի կողմից իրեն հանձնված պարգևը՝ Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչը, հաղորդում է «Սպուտնիկ»-ը:
Մեծ խաչը, որը Նապոլեոնի ժամանկներից ի վեր Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն շքանշանն է, հանձնվել է Դամասկոսում Ռումինիայի դեսպանությանը, որը ժամանակավորապես ներկայացնում է Արևմտյան Եվրոպայի երկրների շահերը Սիրիայում:
Շքանշանը վերադարձնելու որոշումը պայմանավորված է ապրիլի 14-ին Սիրիայի դեմ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի գործողություններին Ֆրանսիայի մասնակցությամբ:
Դամասկոսում նշում են, որ նախագահ Ասադին «պատիվ չի բերում այն երկրի շքանշանը կրելը, որն ԱՄՆ-ի ստրուկն է, աջակցում է ահաբեկչական կազմավորումներին և հարձակվում ՄԱԿ-ի անդամ պետության վրա»: