ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ հակված չէ մտածելու, թե Արցախի չլուծված հարցը թողնում են հաջորդ սերունդներին, գրում է «Արմենպրես»-ը:
«Միգուցե էլի շահարկման առարկա դառնա, բայց փաստարկներից մեկը, որ այսօր ես վարչապետ եմ, հենց դրա հետ է կապված: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի: Մենք մեր դիրքրոշումները չենք փոխելու Արցախի հարցում»,- նշեց Սարգսյանը:
Նա հերքեց այն, որ հետագայում Հայաստանում կարող են իշխանության գալ մարդիկ, ովքեր կհամաձայնվեն Արցախը հանձնել Ադրբեջանին: «Ինձ համար դա մի քիչ անհասկանալի կլինի, և եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը, ես կարող եմ գերեզմանում շուռ գալ այդպիսի բան լսելով»,- կատակեց վարչապետը:
Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման համար նախ և առաջ անհրաժեշտ է, որ Ադրբեջանն ազատվի կեղծ պատրանքներից: «Երբ ադրբեջանցիներն ազատվեն այդ պատրանքներից, ու այն մտքից, թե փոխզիջում՝ նշանակում է զիջում միայն հայկական կողմերից, այդ ժամանակ, իհարկե, խնդիրը կարող է լուծվել»,-հայտարարեց նա:
Վարչապետը նշեց, որ խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ համաձայնության գալու համար անհրաժեշտ է երկու կողմերի կարծիքը:
«Մեր կարևորագույն խնդիրը պետք է լինի ամեն օր, ամեն ժամ հայկական զինված ուժերի մարտունակությունը պահպանելու և զարգացնելու վրա աշխատելը: Սա է ամենառեալ միջոցը կայունությունը պահպանելու:
Իհարկե, մենք պետք է զարգացնենք, խորացնենք մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, որովհետև նրանցից էլ է շատ բան կախված, բայց ամենահիմնականը հայ զինվորն ու սպան են»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը: