ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռացավ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները:
Այսօր «Մարիոթ» հյուրանոցում մամուլի ներկայությամբ տեղի ունեցան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Սակայն դրանք շատ կարճ տևեցին, Սերժ Սարգսյանը հեռացավ բանակցություններից:
«Կարծում եմ թյուրըմբռնում կա: Մենք երեկ, երբ խոսել ենք պարոն Սարգսյանի հետ, ես ասել եմ, որ խոսքը ոչ թե Ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է: Եվ ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Դա բանակցություն չէ, դա երկխոսություն չէ, դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին: Դուք չեք գիտակցում պատասխանատվությունը, դասեր չեք քաղել մարտի 1-ից: Եվ եթե այդ տոնով պետք է խոսեք, ինձ մնում է միան Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և տրամաբանական գործընթացի սահմաններ: Հակառակ պարագայում, ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է, ընտրեք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Այնուհետև Սերժ Սարգսյանը հեռացել է բանակցություններից՝ նշելով, որ «7-8 տոկոս ձայն տարած ուժն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից»: «Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք կատարում, ցտեսություն»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ լրագրողներին կոչ անելով հետևություններ անել: