«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր խնդրանքն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին մեկ ժամ հանգստանալ ու նորից տարբերակներ մտածել իրավիճակից դուրս գալու համար:
Նա տեսաուղերձում մասնավորապես նշել է. «Կարծում եմ լուրջ ձեռքբերում ունենք, կարևոր էր այս հանդիպումը, բայց խնդրանք ունեմ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն և նորից հանդիպեն, քննարկեն, շատ կարևոր է հանդիպումը: Խնդրում եմ, պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Փաշինյան, իմ լա՛վ ընկեր, ևս մեկ անգամ տարբերակ գտե՛ք, խոսեք և քննարկեք: Մենք պետք է ամեն բան անենք, խուսափենք անդառնալի հետևանքներից։
Շատ վատ է լինելու իրավիճակը, եթե կրկին չհանդիպեք: Այդ հանդիպումը կարող է բազմաթիվ հարցեր լուծել, միշտ հիշե՛ք, որ կա երրորդ ճանապարհ, երկու կողմերի մաքսիմալիստական մոտեցումները պետք է մեկ նիշ իջեցվեն և պետք է խոսեք»: