Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը մասնակցել է նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը:
Միջոցառման մեկնարկին նրանք նախ ծաղիկներ են դրել եկեղեցու բակում Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված հայկական խաչքարի մոտ, ապա Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում մատուցվել է պատարագ:
«Հայ համայնքն այսօր հավաքվել է մեր եկեղեցում, որպեսզի ոգեկոչենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 103 տարի է անցել հայերին բնաջնջելու փորձից, սակայն մենք շարունակել ենք ապրել ու արարել, պահպանել ենք մեր հավատը, լեզուն և հայրենիքը, մեր մշակույթն ու եկեղեցիները: Այսօրվա մարդկանց ներկայությունը վկայում է այդ մասին», - ասել է Բաղդասարյանը: