ԱՄՆ հանրապետական սենատորը համարում է, որ Փրամփն արժանի է Խաղաղության նոբելյան մրցանակի

11:16     28 ապրիլի, 2018

Հարավային Կարոլինա նահանգը ներկայացնող ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը համարում է, որ եթե ԿԺԴՀ-ն դադարեցնի իր միջուկային ծրագիրը ու Կորեական թերակղզում իրավիճակը հանդարտվի, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պետք է Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել, հաղորդում է ՐԻԱ Նովոստին:

«Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ին ու Չինաստանին համոզել է, որ ինքը լրջորեն է տրամադրված փոփոխություններին։ Մենք դեռ չենք հասել դրան, բայց եթե դա տեղի ունենա, այդ ժամանակ նախագահ Թրամփը արժանի կլինի Խաղաղության նոբելյան մրցանակի»,- համարում է սենատորը։

Գրեմը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարին հաջողվել է համոզել ԿԺԴՀ-ին, որ նա երկու տարբերակ ունի՝ կամ կարող է «նորմալ երկիր» դառնալ, կամ էլ՝ հրթիռաշինությունը շարունակելու դեպքում, կործանման դատապարտվել։

Ապրիլի 27-ին սահմանամերձ Փհանմունջոմ կետում կայացել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի ու ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև պատմական հանդիպումը։ Այդ բանակցությունները Սեուլի ու Փհենյանի միջև  բարձր մակարդակի վրա առաջին հանդիպումն էր ավելի քան տասը տարվա ընթացքում։


© armedia.am