ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը կազմակերպել ապառազմականացված գոտում՝ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահմանին գտնվող Փհանմունջոմ բնակավայրում: Այդ մասին, ինչպես հայտնում է Deutsche Welle-ն, ԱՄՆ նախագահը հայտարարել է Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Twitter-ում նա որպես երկխոսության հնարավոր հարթակ հիշատակել էր, այսպես կոչված, «Խաղաղության տունը»:
Ավելի վաղ՝ լրագրողների հետ հարցազրուցի ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ «հրաշալի գաղափար» է համարում սահմանամերձ գոտու ընտրությունը որպես բանակցությունների վայր, քանի որ հաջողության դեպքում «մեծ տոնախմբությունը» տեղի կունենա անմիջապես տվյալ վայրում, ոչ թե «երրորդ երկրում»:
Նա նաև նշել է, որ, այնուամենայնիվ, եթե խոսք գնա երրորդ երկրի մասին, ապա որպես այդպիսին, դիտարկում է Սինգապուրը։