Չնայած ԱՄՆ-ը ԵՄ համար հետաձգել է պողպատի և ալյումինի բարձրացված արտահանման տուրքեր մտցնելը, սակայն որոշումը մինչև 2018 թվականի հունիսի 1-ը շուկայում ամեն ինչ թողնել ինչպես կա, երկարաձգում է շուկայում անորոշությունը՝ իր ազդեցությունը թողնելով արդյունաբերության համապատասխան ոլորտների վրա:
Բրյուսելում արդեն հայտարարում են, որ դիտարկում են ԱՄՆ-ի այս քաղաքականությանը պատասխան քայլեր՝ չմանրամասնելով դրանք: Փորձագետների կարծիքով՝ սահմանափակումները կարող են վերաբերել ԱՄՆ-ից գազի և թերթաքարային արտադրանքի ներկրմանը, սպառնալիքի տակ կարող են հայտնվել նաև IT հսկաները՝ հատկապես որ նման նախադեպ արդեն եղել է. Microsoft-ին, Apple-ին և նույնիսկ Google-ին ԵՄ արդեն մեղադրել է մոնոպոլիզմի մեջ և նրանց նկատմամբ ընդունել համապատասխան միջոցներ: Չի բացառվում նաև, որ ԵՄ-ն Թրամփի այս քաղաքականությանն ի պատասխան կիրառի հակամիջոցներ ԱՄՆ այն նահանգների նկատմամբ, որոնք աջակցում են Թրամփին: Այդ դեպքում Վաշինգտոնի պրոտեկցիոնիստական քաղաքականության ազդեցությունը կարող է բացասական լինել, և Թրամփի ընտրազանգվածը ստանա ոչ թե հավելյալ աշխատատեղեր, այլ՝ ընդհակառակը:
Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ԵՄ առևտրային պատերազմը չի կայանա, քանի որ Թրամփի հիմնական նպատակը Չինաստանն է՝ ոչ թանկարժեք մետաղների արտադրության իր հսկայական հնարավորություններով: Ամենայն հավանականությամբ, ԵՄ հետ ԱՄՆ-ը առաջիկա շաբաթների բանակցությունների ժամանակ կպայմանավորվի ոչ թե արտոնությունների վերացման, այլ՝ արտաքին առևտրային որոշակի արտոնությունների շուրջ:
Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա պետք է նկատել, որ այստեղ առևտրային պատերազմի հավանականությունը շատ ավելի մեծ է. կողմերն արդեն որոշակի սահմանափակումներ են մտցրել միմյանց համար և այդ միտումը պահպանվում է:
Հիշեցնենք, ապրիլի սկզբին ամերիկյան առևտրային ներկայացուցչությունը հրապարակեց չինական ապրանքների ցանկը, որոնց համար կսահմանվեն հավելյան տուրքեր՝ ի պատասխան Չինաստանի կողմից անազնիվ առևտրի: Ցուցակը բաղկացած է հազար երեք հարյուր կետից: Իր հերթին Պեկինը հայտարարել է ԱՄՆ գործողություններին հայելային պատասխան տալու պատրաստակամության մասին: Նման պարագայում, հաշվի առնելով Չինաստանի ներուժը, Թրամփի այս քայլը կարող է լինել ի վնաս ԱՄՆ-ի:
Նշենք, որ արտաքին առևտրի ոլորտին վերաբերող Թրամփի այս նախաձեռնությունները կոչված են իրականացնելու նրա նախընտրական գլխավոր ևս մեկը՝ վարել ագրեսիվ պրոտեկցիոնիստական քաղաքականություն: Այդ կերպ Թրամփը փորձում է տեղական արտադրողին պաշտպանել միջազգային մրցակցությունից, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել:
Չնայած Թրամփն իր նախագահության ընթացքում հետևողականորեն կատարում է նախընտրական խոստումները, սակայն ակնհայտորեն դրանք չեն ծառայում նրա նախընտրական կարգախոսին՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնենք»: