Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովն ընդունել է հունիսի 24-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրություններում մասնակցող՝ չորս կուսակցությունների կողմից ներկայացված թեկնածուների դիմումները, հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Որպես նախագահի թեկնածու են գրանցվել «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, «Սաադեթ» («Երջանկություն») կուսակցության ղեկավար Թեմել Քարամօլլղաօղլուն և «Ադալեթ» («Արդարություն») կուսակցության ղեկավար Վեջդեթ Օզը:
Բարձրագույն ընտրական հանձնաժողովը մերժել է երեք թեկնածուի գրանցումը՝ փաստաթղթերի անբավարարության պատճառով:
Ինչ վերաբերում է «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, ապա վերջինս մայիսի 3-ին որոշում է ընդունել նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ, կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը պաշտոնապես սատարում է նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը:
Ակնկալվում է, որ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն իր թեկնածուին պաշտոնապես կհայտարարի մայիսի 4-ին:
Կուսակցությունները նախագահական ընտրություններում իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 5-ը: