Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս երևանաբնակ շուրջ 1700 ծնողներ այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներին, հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը:
Սոցիալական նշանակությամբ այս ծրագիրը տարեցտարի ապացուցում է իր կարևորությունը, քանի որ յուրաքանչյուր այցին ավելի շատ ծնողներ են ցանկություն հայտնում մեկնելու զորամասեր: Ծրագրի մեկնարկից՝ 2013 թվականից ի վեր իրենց որդիներին հանդիպելու հնարավորություն է ընձեռվել ավելի քան 10000 երևանաբնակ ծնողների: Շատերն իրենց զավակներին տեսնելու հնարավորությունից օգտվել են մի քանի անգամ:
Այս անգամ բարձրակարգ ավտոբուսների շարասյունը ճանապարհ է ընկել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքից, որտեղ նրանց հետ հանդիպել և բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
Այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանի կողմից ծնողներին մեկնելիս և վերադառնալիս տրամադրվել են երկանգամյա սննդի փաթեթներ: Շարասյունն ուղեկցել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, իսկ բոլոր ավտոբուսներում եղել են բժիշկներ:
Ավանդույթի համաձայն, մինչ զորամասեր հասնելը ծնողներն այցելել են Շուշիի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, մոմ վառել, մասնակցել Սուրբ Պատարագի մատուցման արարողությանը, իսկ նրանց ժամանման առիթով զորամասերում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ:
Ծնողները ծաղիկներ են խոնարհել զոհված ազատամարտիկների հուշարձաններին: Ծառայության մեջ աչքի ընկած մի շարք զինվորներ արժանացել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհակալագրերին, ինչպես նաև Երևանի քաղաքապետի կողմից բոլոր զորամասերին փոխանցվել են նվերներ:
Ժամկետային զինծառայողներն ու նրանց ծնողները, շնորհակալություն հայտնելով ևս մեկ անգամ իրար հանդիպելու հնարավորության համար, նշել են, որ Երևանի քաղաքապետարանի այս ծրագիրն իսկապես սպասված է և շատ կարևոր: Ծրագիրն օգնում է բարձր պահել զինվորների բարոյահոգեբանական ու մարտական ոգին: