Իրանի Ալբորզ նահանգի նախաձեռնությամբ 40-ից ավելի ընկերություն Հայաստանում մասնակցում է իրանական արտադրանքի ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով ցուցահանդեսի կազմակերպիչ, իրանահայ բիզնես խորհրդատու Արա Շահբազյանին, ով հայտնել է, որ ցուցահանդեսին ներկայացված են տարբեր ոլորտների առաջատար ընկերություններ, այդ թվում՝ սննդի, խմիչքների, շինարարության, խոհանոցային տեխնիկայի և պարագաների, մաքրող միջոցների: «Ալբորզ նահանգը Իրանի արդյունաբերական նահանգներից է, այստեղ են տեղակայված արտադրության, ծառայությունների ոլորտի ամենամեծ ընկերությունները», - ասել է Շահբազյանը։
Նրա խոսքով՝ իրանցի գործարարները Հայաստանը դիտարկում են որպես կամուրջ դեպի աշխարհ: «Ինչպես գիտեք, Իրանում առևտրային առումով փակ իրավիճակ է, Հայաստնն իրենց համար ամենալավ բիզնես միջանցքն է դեպի աշխարհ: Կան ընկերություններ, որոնք կարող են արտադրություն ծավալել Հայաստանում, և դուրս գալ տարբեր շուկաներ: Դա օգուտ կլինի նաև Հայաստանին, քանի որ կիսապատրաստի ապրանքի վրա, որը այստեղ ամբողջացնելով և փաթեթավորվելով, կգրվի հայկական արտադրանք», - ասել է Արա Շահբազյանը: