Իտալիայում և համատեղությամբ Մալթայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը Հռոմում է) Վիկտորյա Բաղդասարյանը ասել է, որ վերջին մեկուկես տարում հայ-իտալական հարաբերությունները սկսել են ավելի դինամիկ զարգանալ: Այս մասին փոխանցում է NEWS.am-ը:
Դեսպանի խոսքով՝ 2016 թվականին պաշտոնական այցով Հայաստան է այցելել Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնին (ներկայումս Իտալիայի վարչապետն է): Այցի ժամանակ Ջենտիլոնին միջկառավարական կոմիտե ստեղծելու ցանկություն էր հայտնել, որը ստեղծվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Իտալիայի 7 նախարարների մասնակցությամբ:
«Սա նշանակում է, որ երկու երկրները այս ոլորտներում հարաբերությունները զարգացնում են: Ստեղծվել է նաև հայկական բիզնես համաժողով, որին մասնակցել է Իտալիայից 150 և Հայաստանից 40 գործարար: Այս համաժողովի արդյունքներով համաձայնագիր է ստորագրվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որի շրջանակում Հայաստանում 3 տարվա ընթացքում 15-20 մլն եվրո կներդրվի»,- նշեց դեսպանը:
Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ Բաղդասարյանը նշեց, որ Renco ընկերությունը մտադիր է Հայաստանում ջերմային էլեկտրակայան բացել, որի կառուցման համար կտրամադրի գրեթե 300 մլն եվրո:
«Տնտեսական մասով շատ նախագծեր ունենք, և ես անչափ լավատեսորեն եմ տրամադրված: Մենք նաև մեծ թվով մշակութային նախագծեր ունենք: Հայաստանում կբացվի Դանթե Ալիգիերիի անվան Իտալական կրթամշակութային կենտրոն, նաև Տոնինո Գուերայի անվան իտալերենի խորացված ուսուցմամբ դպրոց: Դրանից զատ, նախատեսված է Իտալիայի նախագահի այցը Հայաստան, ինչն ինքնին հայ-իտալական դիվանագիտական հարաբերություններում պատմական իրադարձություն է»,- նշեց Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, ապա, ըստ դեսպանի, Հայաստան իտալացի զբոսաշրջիկների հոսքը 21 տոկոսով մեծացել է: