Վերջերս Չինաստանը ձեռնամուխ է եղել նոր պետական անվտանգության ծրագրի փուլային ներդրմանը: Արդեն անցյալ տարվա փետրվարի 10-ից Շենժենում (հարավային Գուանդուն նահանգ) միջազգային օդանավակայանից օտարերկրյա ուղևորները մատնահետքեր են թողնում, իսկ ավելի ուշ մնացած սահմանային կետերը ևս միացել են մատնահետքային տվյալների բազա ստեղծելու ծրագրին: Այս մասին հայտնում է NEWS.am-ը՝ հղվելով Nat-geo-ին:
Ներդնելով նորարարությունը՝ Չինաստանը շեշտադրում է այլ երկրների փորձը և անօրինական այցելուների դեմ պայքարելու անհրաժեշտությունը: Միայն 2016 թվականին ձերբակալվել է 2770 մարդ, ովքեր ապօրինի մուտք են գործել կամ մնացել են Չինաստանի տարածքում: Ընդհանուր առմամբ 2016 թվականին Չինաստանի սահմանն անցել է մոտ 14.2 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 72 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Մատնահետքեր պետք է հանձնեն 14-ից 70 տարեկան բոլոր օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ դիվանագիտական անձնագրեր և հումանիտար վիզաներ ունեցող անձանց: Նոր կանոններին հետևելու անհրաժեշտության մասին հիշեցրել են «Աերոֆլոտ» ավիաընկերությանը, որը Ռուսաստանից Չինաստան չվերթեր է իրականացնում:
Տեղեկատվությունը մուտքագրվում է Չինաստանի միգրացիոն ծառայության տվյալների բազա, որից հետո անհրաժեշտ չէ նորից մատնահետք թողնել: