Ավելի քան 2 հազար գերմանացի բժիշկներ բաց նամակ են գրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, նրա կառավարության նախարարներին և կուսակցությունների առաջնորդներին՝ կոչ անելով ֆեդերալ մակարդակով պայքարել շաքարի ավելորդ գործածության դեմ, հայտնում է Handelsblatt-ը:
Ծխախոտի գործածության սահմանափակումների համանմանությամբ բժիշկներն առաջարկում են համալիր օրենսդրական միջոցներ, ներառյալ հարկեր և ակցիզներ շաքարի բարձր պարունակությամբ մթերքների (առաջին հերթին, քաղցր ըմպելիքների) համար, ինչպես նաև երեխաներին հասցեագրված գովազդների արգելքներ: Գերմանիայում ճարպակալման և շաքարախտի տարածումը կանխելու այլ միջոցներ չեն մնացել, կարծում են հինգԷջանոց փաստաթղթի հեղինակները:
Դեռևս Գերմանիայի կառավարությունը բժիշկների բաց նամակին պաշտոնապես չի արձագանքել, սակայն Մերկելի կաբինետի մի շարք անդամներ կարծում են, որ պետությունը չպետք է բնակչությանը կարգադրի, թե նա ինչ պետք է և ինչ չպետք է ուտի, այլ՝ պետք է ակտիվացնի առողջ սննդի և ընդհանրապես առողջ ապրելակերպի քարոզչությունը: