Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավատարիմ է նախկինում արված հայտարարությանը և բավարար ձայների քանակով կօժանդակի, որպեսզի Հայաստանը մայիսի 8-ին ունենա վարչապետ: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մնացած զարգացումների մասին քննարկումներ մենք չենք արել: Մենք մինչև մայիսի 8-ը ունենք մեր որոշումը՝ օժանդակել վարչապետի ընտրությանը, իսկ դրանից հետո քննարկենք մնացած հարցերը», - ասել է Բաղդասարյանը: Նա նշել է, որ ՀՀԿ-ն շարունակում է ունենալ նույն մտահոգությունները, որոնց մասին ՀՀԿ խմբակցության պատգամավորները բարձրաձայնել են մայիսի 1-ին խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ: «Մեր հիմնական մտահոգությունները վերաբերվում են արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությանը: Այդ մտահոգությունները շարունակում են մնալ, ինչի մասին տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը: Սակայն մենք, տեսնելով այն իրողությունը, որ ցույցերի դուրս եկած մեր քաղաքացիները, այդ ցույցերի կազմակերպիչներն անդրդվելի են իրենց դիրքորոշումներում, կայացրեցինք որոշում, որ երկրորդ փուլում կաջակցենք պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին: Երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար մենք քաղաքական որոշում ենք կայացրել օժանդակել, որպեսզի մայիսի 8-ին ընտրվի վարչապետ, քանի որ մեզ համար ամենակարևորը մեր երկրում կայունություն հաստատելն է», - ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը: