Այսօր 2012 թվականի դեկտեմբերի 12-ն է: Տվյալ ամսաթվի շուրջ կարծիքները տարբեր են: Ոմանց ուշադրության կենտրոնում այն է, որ սա վերջին "մոգական թիվն" է այս հարյուրամյակում: Մյուսներն ընդհանրապես չեն առանձնացնում այն և կարծում են, որ սա նույնքան սովորական օր է, որքան մնացած բոլոր օրերը:
"12" թիվը ժամանակի մշտական շրջանի, ամբողջականության և ավարտի խորհրդանիշն է, կարծում են թվաբանները: "12" թիվը հանդիպում է մի շարք կրոններում: Քրիստոսն ուներ 12 աշակերտ, 12 առաքյալ: Հրեականության մեջ Կյանքի Ծառի 12 պտուղներ են, Հակոբի
որդիները ևս 12 էին: Իսլամում 12 իմամները՝ Ալիի հետևորդները, ղեկավարում են օրվա 12 ժամերը:
Սակայն հարց է ծագում, թե ինչու՞ հենց այնպիսի համադրությունները, ինչպես անցած 11.11.11 կամ այսօրվա 12.12.12 են համարվում մոգական ամսաթվեր՝ հրավիրելով մարդկանց ուշադրությունը: Բանն այն է, որ ամսաթվում միանման թվերի ցանկացած կրկնությունн ավելացնում է տեղեկատվության ուժը, որն ի սկզբանե եղել է դրանում: Այդ իսկ պատճառով նախ և առաջ պետք է իմանալ, թե ինչպես է թվաբանության մեջ բնութագրվում այս կամ այն թիվը և նոր միայն եզրակացություն անել:
Օրինակ, թվաբանության մեջ 1 թիվը նշանակում է առաջնորդություն, կամք: Եվ որքան շատ են մեկերը, այնքան ավելի խորն է դրսևորվում դրա հատկությունը: Իսկ աշխատանքային կարիերայում 1 թիվը կարող է հաջողություն բերել: Այդ իսկ պատճառով վեց մեկերից կազմված ամսաթվին պետք էր պահել սեփական "ես"-ի հետ կապված ցանկություն:
2 թիվը կանացի թիվ է: Այն էներգիա է, իմաստություն, երազկոտություն, երբեմն կասկածամտություն: Այն ասոցացվում է Լուսնի հետ:
Ամուսնության համար այս օրը ևս կարող է բարեհաջող լինել, եթե զույգերից մեկը պատրաստ է ամբողջ կյանքում իրեն զոհաբերել իր երկրորդ կեսի համար: Այսինքն՝ այս օրը կարող է հաջողություն բերել այն զույգերին, որոնցից մեկն առաջնորդ է: Իսկ ահա եթե զույգերից թե´ տղամարդը և թե´ կինն ունեն առաջնորդին բնորոշ հատկանիշներ, ապա պսակադրության արարողությունն ավելի լավ է այդ օրը չկազմակերպել:
Այնպես որ նախքան այսօր հարսանիք նշանակելը անհրաժեշտ էր մանրամասն ուսումնասիրել սեփական բնավորությունը, ընտրյալի բնավորությունը և անկեղծորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք պատրաստ եք լինել զիջող և անձնազոհ:
Եվս մեկ մոգական ամսաթիվ. 2012 թվական, դեկտեմբերի 21: Ոմանք այդ օրվան սպասում են սարսափով, քանի որ հենց այդ օրն է "նշանակված" աշխարհի վերջը, ինչի մասին և վերջին շրջանում ավելի հաճախ սկսել են խոսել շատերը: Իսկ ի՞նչ անել: Ոչինչ: Չի բացառվում և նույնիսկ առավել հավանական է, որ մայա ցեղը սխալվել է աշխարհի վերջը դեկտեմբերի 21-ին կանխագուշակելով և իր օրացույցն այդ օրով ավարտելով: Չէ՞ որ տրամաբանորեն ավելի հավանական կլիներ, եթե դա տեղի ունենար շրջանի ավարտով. 12.12.12, ինչը տեղի չունեցավ: Ինչ-որ անհայտ հեղինակ ասել է. "Աշխարհի վերջը դա մեր մեջ կուտակված չարությունն է":
"Արմեդիա" ՏՎԳ
12.12.2012