ԵՄ-ն ակնկալում է աշխատել Փաշինյանի և նրա կառավարության հետ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման շուրջ

16:06     8 մայիսի, 2018

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, նրանք ընդգծել են, որ Հայաստանի խորհրդարանը վարչապետ  ընտրեց Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությանը համապատասխան կարգով:

«Եվրամիությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ նախորդ տարվա նոյեմբերին ստորագրված Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման շուրջ՝ հանուն ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների ստեղծելու բարգավաճ և ճկուն երկիր:

Հանուն այս նպատակների իրագործման՝ շարունակում է առանցքային մնալ համապարփակ երկխոսությունը Հայաստանի բոլոր քաղաքական կողմերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև»,- ասվում է հայտարարության մեջ:


© armedia.am