Մայիսի 9-ին Հայաստանում և Արցախում նշում են Շուշիի ազատագրման և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման տոնը: Արցախում ծավալված վերջին իրադարձությունները ստիպում են նորովի զգալ այս տոների նշանակությունը, վերարժևորել դրանց դերը մերօրյա հաղթանակների ձեռքբերման գործում:
Շուշիի նորագույն պատմության ամենավառ էջը գրվեց 1992 թվականի մայիսի 8-9-ին, երբ ձեռնարկվեց քաղաքի ազատագրման գրոհը՝ դառնալով արմատական բեկում Ղարաբաղյան պատերազմում:
1991 թվականի նոյեմբերից քաղաքն ադրբեջանցիների կողմից վերածվել էր կրակակետի, որտեղից գնդակոծվում էին Ստեփանակերտը և մի շարք այլ բնակավայրեր: Այդ գնդակոծությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին և վիրավորվեցին: Գնդակոծության շարունակումը կնշանակեր Ստեփանակերտի վերջնական ոչնչացում, բայց հայկական ուժերին հաջողվեց ոչ միայն լռեցնել ադրբեջանական կրակակետերը, այլ նաև ազատագրել քաղաքը երկարատև գերությունից:
Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, ով նաև մշակել է Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը: Շուշիի ազատագրումով վնասազերծվել են Ստեփանակերտի շրջակա բոլոր թշնամական կրակակետերն ու ռազմական հենակետերը: Հակառակորդի կենդանի ուժն ու տեխնիկան նշանակալի կորուստներ են կրել:
Շուշիի ազատագրմանը հաջորդել է Լաչինի միջանցքի բացման ռազմագործողությունը, որով ճեղքվել է ԼՂՀ շրջափակման օղակը, և ժողովրդի արհեստականորեն մասնատված երկու մասերը գործնականորեն վերամիավորվել են, բացվել է ԼՂՀ-ն ՀՀ-ին միացնող կյանքի ճանապարհը՝ ամրապնդելով սեփական ուժերով հաղթելու հավատը:
Մայիսյան հաղթանակները շարունակվում են նաև այսօր: Արցախի և Հայաստանի սահմաններին կանգնած զինվորներն այսօր էլ իրենց կյանքը չեն խնայում հայրենիքի պաշտպանության համար: