Մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունով, ըստ էության, սկսվեց իշխանափոխության գործընթաց: Սա ենթադրում է նաև, որ նորանշանակ վարչապետը և նրա կառավարությունն են մշակելու և իրականացնելու պետության արտաքին քաղաքականությունը: Եվ այժմ, երբ մեկնարկել է նոր կառավարության ձևավորման գործընթացը, բավական կարևոր է մի կողմից արտաքին քաղաքականության ողջ բլոկի հնարավորինս արդյունավետ փոխանցումը, մյուս կողմից՝ կառավարող նոր թիմի կողմից դրա ստանձնումը: Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունի Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը՝ հաշվի առնելով թե՛ դրա կարևորությունը մեր արտաքին քաղաքականության համատեքստում, թե՛ այն հանգամանքը, որ հենց վարչապետն է այս հարցում հիմնական բանակցողը:
Այսպես կոչված Ղարաբաղյան բանակցային ողջ բլոկը, որը պետք է ստանձնեն նոր վարչապետը, ինչպես նաև նրա կողմից նշանակված արտգործնախարարը, բավական բարդ է և բազմաթիվ նրբություններ պարունակող: Այն ներառում է, օրինակ՝ Ղարաբաղյան պատերազմի տարիներին և դրանից հետո ընդունված բոլոր փաստաթղթերը, դրանց նրբությունները, բանակցային բոլոր փաթեթները, բանակցային գործընթացի դինամիկան և կողմերի մոտեցումների տրանսֆորմացիաները, բանակցային գործընթացի տարբեր տարրերի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, համանախագահների մոտեցումները, համանախագահների կողմից բանակցային գործընթացի տարբեր փուլերում ներկայացված առաջարկները, նախկինում եղած և այսօր առկա պայմանավորվածությունները և այլն: Չնայած բարդությանը՝ Ղարաբաղյան բանակցային բլոկին տիրապետելը առավել քան առաջնահերթություն է, որը պահանջում է նաև շտապողականություն, քանզի գործընթացը, չնայած իր հարաբերական դադարին, շարունակվում է, իսկ նորընտիր վարչապետը, նորանշանակ արտգործնախարարը արտաքին շփումներում պետք է անդրադառնան հիմնախնդրին՝ ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումը: Նշված բլոկի ստանձնման գործընթացում անհրաժեշտ է ապահովել ինստիտուցիոնալ մեթոդաբանությունը, միևնույն ժամանակ՝ դիտարկել նաև նախկին բանակցողների հետ խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով Ղարաբաղյան բանակցային գործընթացի փակ ձևաչափը:
Թերևս միայն բանակցային բլոկի ամբողջական ստանձման դեպքում հնարավոր կլինի խոսել, թե ինչ դիրքորոշում ունեն ՀՀ նոր իշխանությունները: Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին օրերին հնչած հայտարարությունների համաձայն՝ հայկական կողմի դիրքորոշումը կհիմնվի շարունակականության սկզբունքի վրա, ինչը, սակայն, չի ենթադրում նույնականություն: Ավելին՝ հնչում են մոտեցումներ, որ ՀՀ իշխանությունների ներկայիս բարձր լեգիտիմությունը և համազգային միասնությունը հնարավորություն են տալիս բանակցային գործընթացի տարբեր էլեմենտների հետ կապված դիրքորոշաման որոշակի կոշտացման (թերևս այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել Ստեփանակերտում արտահայտած համեմատաբար կոշտ մոտեցումը՝ բանակցային սեղան Արցախի վերադարձի հետ կապված) համար:
Այնուամենայնիվ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ նոր իշխանությունների ամբողջական դիրքորոշման վերաբերյալ հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ արտաքին քաղաքականության համար պատասխանատու թիմը կլինի ձևավորված, իսկ Ղարաբաղյան բանակցային բլոկը՝ արդյունավետ ստանձնված: