1994 թվականի մայիսին ուժի մեջ մտած ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը։ Այդ համաձայնագիրը, ինչպես նաև 1995 թվականի փետրվարի 6-ին ԵԱՀԿ հովանու ներքո ստորագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ համաձայնագիրը, մինչ օրս մնում են այն կարևոր ձեռքբերումը, որը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար: Այդ պայմանագիրը մեծ դերակատարություն ունեցավ տարածաշրջանի համար, մինչ այժմ էլ ունի», - ասել է Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, այն շատ կարևոր դերակատարություն ունեցավ տարածաշրջանում կայունության հաստատման համար: Դավիթ Բաբայանը նշել է, որ այդ պայմանագրով տասնյակ հազարավոր կյանքեր փրկվեցից, որովհետև պարզ չէր, թե ինչ կլիներ, եթե այդ պայմանագիրը չկնքվեր: Այդ պայմանագիրն Ադրբեջանի համար նույնպես խաղաց կարևոր դերակատարություն, որովհետև, ըստ Դավիթ Բաբայանի, 1994 թվականին Ադրբեջանը լիարժեք կոլապսի առջև էր կանգնած, եթե պայմանագիրը չկնքվեր, միգուցե և չլիներ այսօրվա Ադրբեջանը՝ որպես պետություն:
«Բայց մեր նպատակը Ադրբեջան երկրի կործանումը չէր, Ադրբեջանի ժողովրդի կոտորածը կազմակերպելը չէր: Մեզ համար Ադրբեջանի ժողովուրդը թշնամի չէ, Ադրբեջանի իշխանություններն են թշնամանք սերմանում: Դրա համար ուզում ենք, որ պայմանագիր պահպանվի և հետագայում լինի համապարփակ կարգավորում Ադրբեջանի և Արցախի միջև: Ճանաչվի Արցախի Հանրապետությունը. երբ ասում են Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշն են ծածանելու, մենք կարող ենք շենք տալ դեսպանատան համար, և թող դրոշը ծածանեն, այլ ոչ թե աննորմալ գաղափարներով հանդես գան սեփական ժողովրդի ճակատագրի հետ խաղալով», - ասել է նա: