Արցախում արդեն գործում է նորաստեղծ «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, հայտնում է Artsakhpress-ը:
Այս մասին այսօր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում երիտասարդների և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Հովիկ Ավանեսովը:
«Մեր նպատակն է նպաստել ազգային միասնական գաղափարախոսությանը, ընդգրկել Արցախի, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդությանը՝ իրականացնելու համար մշակութային, գիտական, սպորտային մի շարք ծրագրեր: Համագործակցելով Արցախի, Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների հետ՝ ծրագրերի իրականացումն սկսելու ենք սահմանամերձ համայնքներից: Օգտագործելով երիտասարդության ներուժը՝ մենք փորձելու ենք համայնքներում ևս աշխուժություն մտցնել»,-ասել է Հ. Ավանեսովը և նշել, որ ՀԿ-ում ընդգրկված է 21 անդամ:
Հ. Ավանեսովը հավելել է, որ կազմակերպությունում ինչպես Արցախից, այնպես Էլ Հայաստանից ընդգրկված են տարբեր ոլորտներից մասնագետներ,որոնք հիմնականում զբաղվում են տարածաշրջանային հիմնախնդիրներով,ուսումնասիրում միջազգային իրավիճակներ և տարբեր ուղղություններով կատարում վերլուծություններ: